National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.09.2014
Ազգային ժողովում կայացավ ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստը
1 / 7

Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում անցկացվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստը: Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նիստը ողջույնի խոսքով բացեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է փոխգործակցության ամրապնդումը ՍԾՏՀ ԽՎ շրջանակներում, որն այսօր հանդիսանում է Սեւծովյան տարածաշրջանում համագործակցության խթանման կարեւոր մարմիններից մեկը: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ կարեւոր է, որ կազմակերպությունն արձագանքի մասնակից բոլոր պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է: «Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարեւան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ Հայաստանը հետամուտ է Լեռնային Ղարաբաղի խնդրի միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմքում պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ այդ իրավունքի իրացումը», -իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ 1915 թ. Թուրքիայի իշխանությունների կողմից պետական մակարդակով իրագործված ոճրագործությանը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Նրա խոսքով՝ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նա եւս մեկ անգամ կարեւորեց աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից: «Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից եւ տասնամյակներ շարունակ իր ժխտողական քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Ռումինիայի պատվիրակության ներկայացուցիչ, ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Իոան Վուլպեսկուն բացման խոսքում ներկայացրեց նիստի օրակարգային հարցերը եւ արդյունավետ աշխատանք մաղթեց նիստի մասնակիցներին:

Օրակարգը եւ հանձնաժողովի 42-րդ նիստի արձանագրությունը հաստատելուց հետո պատվիրակներն անցան օրակարգային հարցերի քննարկմանը: «Գենդերային հավասարությունը ՍԾՏՀ տարածաշրջանում. ձեռբերումներն ու մարտահրավերները» զեկույցի նախագծի վերաբերյալ հանդես եկավ Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչ Լյուդմիլա Բոկովան: Նա ներկայացրեց գենդերային հավասարության խնդիրները տարածաշրջանում, այդ ոլորտում անդամ պետությունների ազգային քաղաքականությունը, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային իրավական հիմքը: Նա ընդգծեց, որ ՍԾՏՀ տարածաշրջանում իրավական բարեփոխումների արդյունքում վերջին տարիներին բարելավվել է գենդերային հավասարությանն առնչվող օրենսդրությունը: Նրա գնահատմամբ՝ ոլորտում անհրաժեշտ են նոր մոտեցումներ:

Նիստի մասնակիցները զեկույցի նախագիծը հավանության արժանացրին: Գլխավոր վեհաժողովում հարցը կներկայացնի տիկին Բոկովան:

«Գենդերային հավասարությունը ՍԾՏՀ տարածաշրջանում. ձեռբերումներն ու մարտահրավերները» առաջարկության նախագծի վերաբերյալ իր տեսակետները հայտնեց Իոան Վուլպեսկուն: Նա շեշտեց, որ ՍԾՏՀ ԽՎ-ն կարեւորում է գենդերային հավասարությանն առնչվող խնդիրների վերաբերյալ կոնկրետ առաջարկների ներկայացումը՝ անհրաժեշտ համարելով գենդերային եւ ընտանեկան խնդիրների վերաբերյալ նոր մոտեցումների մշակումը: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ԽՎ-ն առաջարկում է անդամ-պետությունների խորհրդարաններին եւ կառավարություններին ներկայացնել առաջարկներ եւ լուծումներ օրենսդրական բազայի կատարելագործման համար, մշակել միասնական համակարգ, որը հաշվի կառնի ազգային առանձնահատկությունները ինստիտուցիոնալ մեխանիզմները, նպաստել կանանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Քննարկումների արդյունքում պատվիրակները հավանության արժանացրին առաջարկության նախագիծը: Գլխավոր վեհաժողովում հարցը կներկայացնի պարոն Վուլպեսկուն:

Նիստի վերջում որոշում կայացվեց, որ հանձնաժողովի հաջորդ` 44-րդ նիստը տեղի կունենա 2015 թվականի ապրիլի 15-16-ին՝ Անկարայում: Այդ նիստում որպես օրակարգային հիմնական հարց կքննարկվի «Սպորտի դերը ՍԾՏՀ տարածաշրջանում զբաղվածության եւ հասարակության համերաշխության ամրապնդման գործում» թեման: Հարցի վերաբերյալ հիմնական զեկուցող նշանակվեց Հունաստանի ներկայացուցիչը՝ Գավրիիլ Ավրամիդիսը:

Սպառելով օրակարգը` երեւանյան նիստն ավարտեց աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am